Խանութ կայքերի հաջողության պայմանները
Մարդիկ հաճախ մտածում են՝ միայն խանութ կայք ունենալը բավարար է օնլայն առևտրի, բիզնեսի հաջողության համար, սակայն վեբ կայքը ստեղծելուց հետո զարմանում են, թե՝ ինչո՞ւ գնումներ չեն լինում, ինչո՞ւ չի հաջողում իր օնլայն բիզնեսը։
Պատճառները շատ են։
Ինտերնետը վաղուց սկսել է սահմանել իր կանոնները ցանկացած տիպի գործունեության համար։ Միլիոնավոր նախագծեր են պայքարում լավագույնների շարքում լինելու համար։ Եվ այդ պայքարի ընթացքում ձևավորվել են որոշակի սկզբունքներ, որոնց անտեսման դեպքում դուք պարզապես կորում եք այդ անհատակ օվկիանոսի մեջ։
Եվ այսպես, ելնելով այդ յուրահատկությունից, այստեղ կշարադրենք որոշ կետեր, որոնք կենսական են ցանկացած օնլայն խանութի հաջողության համար։
1. Բրենդինգ
Յուրաքանչյուր խանութ կայք պետք է ձգտի բրենդ դառնալ։ Եթե այդ ձգտումը չկա, ձեր ապրանքները պարզապես լցված են կայքում, ապա այցելուի համար դուք երբեք յուրահատուկ չեք դառնա։ Դուք կլինեք ընդամենը միլիոնից մեկը։ Ինչպես որ կմտնեն ձեր կայք, այդպես էլ արագ կմոռանան ձեզ։ Դուք անընդհատ ստիպված եք լինելու դիմել գովազդին, որ ձեզ չմոռանան։
Եթե ձգտում եք առանձնանալ մյուսներից, որ հաճախորդը հիշի ձեզ, ուրեմն
- Համոզվեք, որ ձեր բրենդն ու լոգոն հստակ տեսանելի են ձեր այցելուներին։
- Հիմնական էջում, կայքի անվան կողքը ձեր լոգոն պետք է շողշողա։
- Ընտրեք այնպիսի դոմեյն, որը ասոցացվում է ձեր բրենդի հետ։
- Երբեք մի օգտագործեք օրինակ՝ onlineshop, shopkayq և նմանատիպ տարբերակներ։
Բրենդային մոտեցումը կավելացնի հաճախորդների վստահությունը ձեր նկատմամբ։ Այն կավելացնի ձեր բիզնեսի ճանաչելիությունը թե օնլայն, թե օֆլայն միջավայրում։ Այն նաև ձեզ առանձնահատուկ կդարձնի որոնողական համակարգում։
2. Գործողության կոչ (call to action)
Հիմնական էջում հաճախորդի համար կիրառեք գործողություն կատարելու համոզիչ կոչի գործիքներ։ Այն պետք է ժամանակ առ ժամանակ փոփոխել։ Ընտրված պրոդուկտը ժամանակ առ ժամանակ փոփոխեք։
Ինչքան քիչ փոփոխություն կատարեք, այնքան քիչ հաճախորդները կայցելեն ձեզ։
3. Հատուկ պրոդուկտներ
Միշտ ունեցեք պրոդուկտներ, որոնք հատուկ են, առանձնացված, գուցե զեղչված՝ հատուկ ձևով ներկայացված։
Դա ձեր օնլայն խանութին ևս հատուկ կդարձնի։
4. Պրոդուկտների որոնում կայքում
Եթե ձեր օնլայն խանութը 20-ից ավել պրոդուկտներ ունի, դուք պետք է պրոդուկտների որոնման համակարգ ունենաք։
Մեծ տեսականու դեպքում ոմանք կնախընտրեն որոնմամբ գտնել համապատասխան պրոդուկտները։
5. «Մեր մասին» էջը
Յուրաքանչյուր մարդ սիրում է իմանալ, թե ինչ ընկերությունից է գնում կատարում։ Ովքե՞ր են կանգնած օնլայն խանութի ետևում, նրանց պատմությունը, մղիչ ուժը։ Արդյո՞ք մենք նույն արժեքներն ենք կրում։ Դա հնարավոր է պատճառ դառնա, որ ավելի հաճախ գնումներ կատարեն ձեր մոտից։
«Մեր մասին» էջը այնպես է պետք կառուցել, որ այն կապ ստեղծի ձեր թիմի և ձեր հաճախորդների միջև։
6. Գնումների զամբյուղ
Ինչքան էլ ազնիվ լինի ձեր մղումը, միևնույն է ձեր հիմնական նպատակն է հնարավորինս շատ վաճառքներ իրականացնել, և դրա ուղին անցնում է զամբյուղով, հետևաբար այնպես արեք, որ մարդիկ այն չփնտրեն։ Այն պետք է միշտ տեսանելի լինի։
7. Ներգրավում
Սոցիալական ցանցերից զատ հաճախորդներին ներգրավելու լավագույն տարբերակներից է էլ․ բաժանորդագրությունը։
Էլ․ բաժանորդներին ակցիաների մասին առաջինը տեղեկանալու առաջարկով, զեղչային հատուկ պայմաններով կստեղծեք մի բանակ, որը վայրկյանների ընթացքում կտեղեկանա ձեր նոր պրոդուկտների և օնլայն խանութի իրադարձությունների մասին։ Արդյունքում վերադարձող գնորդը իր շրջապատին էլ կբերի ձեր օնլայն խանութ։
Աշխատեք օրը 1 անգամից ավել չգրել բաժանորդներին, այլապես ինչպես ձեռք եք բերել, այնպես էլ կկորցնեք նրանց։
8. Բաժիններ
Տեսականիի դասակարգումը կարևոր է հաճախորդների համար։ Դրանք օգնում են հեշտությամբ գտնել առկա պրոդուկտները։ Դա հատկապես կարևոր է նրանց համար, ովքեր դժվար են կողմնորոշվում։
Արժևորեք բաժինների դիրքերը։
Բաժինների նկարագրությունը
Բացի այն, որ բաժինները պետք է հստակ իրենց անուններն ունենան, անհրաժեշտ է նաև նկարագրություն ավելացնել․ գեղեցիկ, համառոտ նկարագրություն, որը կարտացոլվի նաև որոնողական համակարգերում։
Միայն մեկ պրոդուկտի շեշտադրումը ընտրության հնարավորություն չի թողնում, իսկ որևէ բաժնի շեշտադրումը հնարավորություն է՝ մեծացնելու վաճառքները։
9. Տեքստեր
Պրոդուկտները պետք է հստակ նկարագրել․ բաղադրություն, չափսեր և այլն։ Հատկապես չափսերի, քանակի նշումը պետք է գնորդին հնարավորություն տա հստակ պատկերացնել պրոդուկտը տարբեր իրավիճակների համար։ Այդ տեքստերը պետք է շեշտադրեն ապրանքի արժանիքները, կարևորությունը, առավելությունը մրցակիցների նկատմամբ և այլն։ Դրանք կարդալով գնորդը պետք է հասկանա, որ ինքը կարևոր գնում է կատարում։
Կարևոր է նաև գրագետ հայերենով գրված տեքստը, այլ ոչ միայն տեխնիկական տերմինաբանությամբ։
Առանց բացատրական տեքստերի պրոդուկտների վաճառքը կարող է մոտենալ զրոյի։ Ցուցադրեք, որ մասնագիտական գիտելիքներ ունեք տվյալ պրոդուկտի մասին։
Վեբ կայքերը միայն դիզայն ու ծրագրավորում չեն, հետևաբար կարևորեք տեքստերը։ Դրանք կբարձրացնեն նաև ձեր օնլայն խանութի վարկանիշը որոնողական համակարգերում։ Սակայն եթե ձեր տեքստերը օրիգինալ չլինեն, այլ՝ պատճենված այլ վեբ կայքերից, ապա ճիշտ հակառակը՝ ձեր վարկանիշը սրընթաց անկում կապրի որոնողական համակարգերում։
10. Պրոդուկտի նկարները
Հիմնականում պրոդուկտի նկարները ավելին են ասում, քան ցանկացած տեքստ։
Վատ նկարները կարող են զրոյականացնել ձեր վաճառքները, հատկապես՝ եթե գնորդը չի կարողանում նկարում հստակ տեսնել պրոդուկտի մանրամասները։
Երբեմն խանութի մենեջերները անփույթ են գտնվում, և տեղադրում են ծավայլներով ծանր նկարներ։ Արդյունքում հաճախորդը երկար սպասում է, մինչև նկարը բացվի, որի արդյունքում հաճախ հոգնում են սպասելուց և փակում վեբ կայքը։
Պրոդուկտի նկարները պետք է այնքան որակով լինեն, որ մոտեցման (zoom) գործիքը օգտագործելուց հետո հաճախորդը բավարարվի տեսածով։
Օգտագործեք ոչ միայն արտադրողի նկարները, այլ այնպիսի նկարներ, որոնք ցույց են տալիս ապրանքի կիրառությունը։
Երբեմն տեղադրվում են այնպիսի նկարներ, որոնց ողջ ինտերնետը ծանոթ է։ Պրոդուկտի համար օգտագործված նկարը մեկ այլ տեղ տեսած գնորդի մոտ կընկնի ձեր անհատականության վարկանիշը, ձեր օնլայն խանութի որակը։
11. Գին
Գնային քաղաքականությունը պետք է հնարավորինս պարզ լինի։ Պրոդուկտը զամբյուղ դնելուց հետո անակնկալ գնավելացումները կարող են խափանել գործարքը։ Որոշակին բարձր գնահատված պրոդուկտների դեպքում ցանկալի է հանել առաքման ծախսերը։ Նկատի ունեցեք․ օնլայն գնումների ժամանակ նույնիսկ 1 դոլարը նշանակություն ունի։
12. Որոնողական համակարգերի համար (SEO)
Պրոդուկտները օպտիմալացրեք որոնողական համակարգերի համար։
Հայկական շուկան պետք է նկատի ունենա ոչ միայն Գուգլը, այլ նաև Յանդեքսը, այնպես որ այդ երկուսին ինտեգրումը անհրաժեշտ է յուրաքանչյուր օնլայն խանութին։ Դա աշխատանք է ոչ միայն ձեր կայքի վրա, այլ նաև Գուգլի և Յանդեքսի հատուկ նախատեսված գործիքների հետ։
13. Կարծիքներ
Գնորդների կարծիքները վստահության մեծ երաշխիք կարող են ստեղծել, եթե դրանք կարողանաք այնպես արտացոլել վեբ կայքում, որ մյուսները վստահեն դրանց հավաստիությանը։ Դրա համար օգտագործեք 3-րդ կողմի՝ այլ կայքերից քաղված կարծիքները ձեր մասին։ Հեղինակություն վայելող մարդկանց կարծիքները ներկայացնելը ազդեցիկ չէ, որովհետև մարդիկ դա գովազդ են ընկալում։ Ձեզ պետք է հասարակ մարդկան կարծիքներ, և շատ։
Այս հարցում հաջող ներկայացումը կբարձրացնի գնումները։
14. Հարակից կամ նման պրոդուկտներ
Յուրաքանչյուր պրոդուկտ ունի առնչվող այլ պրոդուկտների շարք, որոնք անմիջական հետաքրքրության շրջանակում են տվյալ ապրանքը գնողի համար։ Օրինակ՝ հեռախոս գնողին հետաքրքրում է նաև հեռախոսի պատյանը։ Սովորաբար վեբ կայքը պատրաստելուց մեխանիկորեն ավելացնում են տվյալ բաժնի պրոդուկտները որպես հարակից պրոդուկտներ, օրինակ՝ հեռախոս ընտրողին որպես հարակից պրոդուկտներ առաջարկվում են այլ հեռախոսներ։ Նման մեխանիկական դասակարգումից խուսափելու համակ օնլայն խանութը պետք է ունենա օնլայն խանութի մենեջեր, որը մանրամասն կընտրի այն պրոդուկտների տեսակները, որոնք կլրացնեն հաճախորդի կոնկրետ ընտրությունը։ Օրինակ՝ խորոված պատվիրողին ոչ թե հարակից առաջարկել պիցցա, այլ գուցե՝ կարտոֆիլի կամ խմիչքի տեսականի։
Ոչ պակաս կարևոր է գնորդին ցույց տալ, թե ինչ են մյուսները ավելի հաճախ գնում։
Նման դասակարգումները յուրահատուկ կդարձնեն ձեր օնլայն խանութը, և բնականաբար կավելացնեն վաճառքները։
15. Վճարային ճկունություն
Հաճախ օնլայն խանութները ունենում են միայն մեկ վճարային տարբերակ, օրինակ՝ PayPal։ Իրականում գնորդը փնտրում է իր նախընտրելի տարբերակը, և չգտնելով այն, լքում է զամբյուղը։ Հետևաբար առնվազն մի քանի տարբերակ պետք է ունենալ։
Որքան էլ աշխարհը խոսում է անվտանգությունից, գնորդը, միևնույնն է, փնտրում է արագ ու հեշտ տարբերակը, հետևաբար մի պարտադրեք գրանցում, հնարավորություն տվեք, որ նա արագ վճարի։
Երբ գնորդը պրոդուկտը ավելացնում է զամբյուղում, և այդտեղ ու հետագա քայլերի ընթացքում այլ ծախսեր են ավելանում, այդ անակնկալ ավելացող գումարները, ինչպիսին առաքման ծախսն է, կարող է բացասաբար ազդել գնորդի որոշման վրա։ Խուսափեք նման անակնկալ գնավելացումներից։ Այստեղ խնդիրը ոչ այնքան գումարի չափն է, որքան որ այդ գումարի ավելացումը անակնկալ է լինում գնորդի համար։
16. Անվտանգությունը՝ վստահություն
Օնլայն խանութի, վեբ կայքի ավտանգությունը կբարձրացնի ձեր ռեսուրսի, օնլայն խանութի նկատմամբ հաճախորդի վստահությունը։
Տեխնիկական առումով օնլայն խանութը պետք է առնվազն SSL սերտիֆիկատ ունենա։
SSL սերտիֆիկատը պրոտոկոլ է, որը վավերական, կոդավորված՝ առանձնացված կապ է հաստատում ցանցի երկու ծայրերում գտնվողների միջև, օրինակ՝ օնլայն խանութի և գնորդի։ Կայքում SLL սերտիֆիկատ լինելու դեպքում գնորդի մուտքագրած տվյալները անհասանելի են 3-րդ կողմերի համար։
Ուշադրություն դարձնելով օնլայն խանութի հասցեի հատվածին, եթե երկկողմանի կապի ահազանգ չկա, որ կապը պաշտպանված չէ, գնորդը դյուրությամբ կգրանցի իր պատվերը։
17. Գնորդի հաշիվը ձեր վեբ կայքում
Հաճախորդներին միշտ թույլատրեք գնումներ կատարել՝ առանց հաշիվ ստեղծելու պարտադիր պայմանի։
Գնորդին հաշիվ ստեղծելու պարտադրանքը երբեմն վանող է լինում, ուստի այդքան էլ հաջող գաղափար չէ։ Հաշիվ ունենալը հաճախորդին կհետաքրքրի միայն այն դեպքում, եթե խոսքը բաժանորդագրային հնարավորությունների մասին է, օրինակ՝ պարբերական վճարումները, կամ նման հնարավորություններ։
Շատերը, գնումներ կատարելուց հետո, պարզապես չեն ցանկանում իրենց հետքը թողնել կամ պարտավորություններ ունենալ, հետևաբար հաշիվ ստեղծելու պարտադրանքը կարող է բարդույթ ստեղծել գնորդի մոտ, երբեմն էլ պատճառ է դառնում գնում չկատարելու։
18. Արագագործություն
Հաճախորդների համար կայքի արագագործությունը հավասար է պատասխանատու և հանձնառու վաճառողի հետ։ Երբ գնորդները տեսնում են կայքը կտրտում, դանդաղ է բացվում, որը կարող է լինել նաև գնորդի օգտագործած սարքի կամ պարզապես ինտերնետի պատճառով, ապա կարող են մտածել, որ այդ վեբ կայքում ամեն ինչ չէ, որ լավ վիճակում է, իսկ հաճախ էլ կարող են պարզապես հոգնել սպասելուց, որ էջը բացվի, և փակեն կայքը։ Պետք է նկատի ունենալ, որ մերօրյա արագությունների մեջ գնորդի համբերությունը կարող է սպառվել 3-րդ վայրկյանից սկսած։
Խուսափելու համար այդպիսի իրավիճակների հաճախակիություններից, պետք է անընդհատ կատարել կայքում ներդրված ծրագրերի պարբերական թարմացումներ, համապատասխանեցում ժամանակակից ստանդարտներին։ Պետք է նաև պարբերաբար կատարել օպտիմալացման աշխատանքներ՝ կայքի արագագործությունը բարձրացնելու համար։ Այդպիսի աշխատանքները կատարվում են վեբ կայքը պատրաստելուց հետո։ Այդպիսի աշխատանքները կոչվում են վեբ կայքերի ընթացիկ սպասարկում։