ՎԵԲ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ/ԱՌԱՐԿԱՆ
1.1. «Աբստրակտ» ՍՊ ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն կամ Կատարող), որը գործում է ՀՀ օրենսդրության և Ընկերության կանոնադրության հիման վրա, (Պայմանների 1.2. կետում նշված անձանց) մատուցում է վեբ ծառայություններ սույն ընդհանուր դրույթների և պայմանների (այսուհետ միասին՝ Պայմաններ) համաձայն։
1.2. Ընկերության կողմից Ծառայություններ կարող է մատուցվել յուրաքանչյուր ֆիզիկական ու իրավաբանական անձի, այդ թվում՝ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ու կազմակերպությունների, ով Վեբ կայքի միջոցով կիրականացնի Պայմանների 2.4. կետում նշված պատվերի գրանցում և/կամ վճարում Ընկերության բանկային հաշվին Ծառայություններից օգտվելու համար։
1.3. Պայմանները Պատվիրատուի կողմից կարող է ընդունվել հետևյալ եղանակներից մեկով․
1.3.1. Ծառայություններից օգտվելու համար Վեբ կայքի միջոցով պատվեր գրանցելու ժամանակ՝ սեղմելով «Համաձայն եմ» կոճակը, համաձայնվելով Պայմաններով ու Գրանցված պատվերով սահմանված պայմաններին և ընդունելով դրանք։
1.3.2. Ծառայություններից օգտվելու համար Ընկերության բանկային հաշվին վճարում կատարելու միջոցով, որից հետո Ընկերությունը Պատվիրատուի էլ․ փոստի հասցեին է ուղարկում սույն Պայմանները, որի վերաբերյալ վերջինիս կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում Ընկերությանն էլ․ եղանակով առարկություններ չներկայացվելու դեպքում Պայմանները Պատվիրատուի կողմից համարվում են ընդունված։
1.4. Պայմանների 1.3.1. կետում նշված գործողությունները Պատվիրատուի կողմից կատարելը և էլեկտրոնային (այսուհետ՝ էլ․) եղանակով Պայմաններին համաձայնություն տալը կամ Պայմանների 1.3.2. կետում նշված առարկությունները չներկայացնելը համարվում է պայմանագիրը կնքելու առաջարկի ընդունում (ակցեպտ), և այդ պահից գրանցված պատվերը կամ Պատվիրատուին ուղարկված Պայմանները (այսուհետ՝ Պայմանագիր) համարվում է համապատասխան Պատվիրատուի (Ձեր) և Ընկերության միջև ՀՀ օրենսդրությամբ սահմանված ձևով կնքված։ Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Պայմանների 2.4. կետում նշված վճարումը Պատվիրատուի կողմից ամբողջությամբ կատարելու պահից, եթե Պայմանագիրը կնքվել է Պայմանների 1.3.1. կետով նախատեսված եղանակով։
1.5. Համապատասխան ծառայությունների մատուցման համար առանձին ժամկետներ սահմանելու կամ Ծառայությունների մատուցման ժամկետը երկարաձգելու, ինչպես նաև լրացուցիչ պայմաններ, այդ թվում՝ վճարման պայմաններ, նախատեսելու համար կարող է էլ․ եղանակով կազմվել հավելված (այսուհետ՝ Հավելված) և «Իմ հաշիվը» էջի միջոցով կամ էլ․ փոստի միջոցով ուղարկվել Պատվիրատուին, որը հանդիսանում է Պայմանագրի անբաժանելի մասը։ Հավելվածն ուղարկվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում վերջինիս կողմից գրավոր առարկություն չլինելու դեպքում այն համարվում է ընդունված և հաստատված Պատվիրատուի կողմից, հետևաբար նաև կնքված Կողմերի միջև։
1.6. Պայմանների անբաժանելի մասն են կազմում նաև Վեբ կայքում հրապարակված Ծառայությունների մատուցման լրացուցիչ պայմանները, հատուկ/թեժ առաջարկները (ակցիաները, զեղչերը), Ծառայությունների տեսակները, դրանց նկարագրությունը/ծավալները և գնացուցակը, որոնք Ընկերությունը կարող է ժամանակ առ ժամանակ միակողմանի փոփոխել։ Դուք պարտավորվում եք ինքնուրույն դրանց հետ ծանոթանալ՝ Վեբ կայքի յուրաքանչյուր օգտագործումից առաջ։
1.7. Պատվեր գրանցելու դեպքում Ձեր անձը նույնականացնելու համար Ընկերությունը կարող է Ձեզնից պահանջել որոշակի անձնական տվյալներ (անուն, ազգանուն, կազմակերպության անվանում (իրավաբանական անձ հանդիսացող Պատվիրատուի դեպքում), երկիր, հասցե, փոստային ինդեքս, հեռախոս, էլ․ փոստի հասցե) և/կամ վճարման համար անհրաժեշտ բանկային քարտի համապատասխան տեղեկություններ։ Դուք պարտավոր եք ներկայացնել ճշգրիտ տեղեկատվություն։
1.8. Ընկերությունն իրավունք ունի միակողմանի չեղարկել Պայմանագիրը/Գրանցված պատվերը և հրաժարվել Ծառայություններ մատուցելուց կամ աշխատանքներ կատարելուց, եթե 10 օրվա ընթացքում չեք կատարել կամ մասնակի եք կատարել Ծառայությունների համար հերթական վճարումը (այդ թվում՝ կանխավճարային վճարումը) և/կամ Ձեր ներկայացրած փաստաթղթերում և/կամ տվյալներում առկա են սխալներ կամ կեղծիքներ։
1.9. Ծառայությունները Ձեզ կարող են մատուցվել, եթե Պայմանագիրը մտել է ուժի մեջ, և տեխնիկական ու պայմանագրային բոլոր պահանջները Ձեր կողմից կատարվել են։
1.10. Եթե Ձեզ մոտ որևէ հարց է ծագել Պայմանների, Ծառայությունների և Պայմանագրի հետ կապված, ապա կարող եք դիմել +374֊95֊70֊90֊75 հեռախոսահամարով և/կամ info{at}abstract.am էլ․ փոստի հասցեով ուղարկել հաղորդագրություն։
1.11. Ընկերությունն էլ․ նամակներին և հաղորդագրություններին պատասխանում է դրանք ստանալու պահից 24-ից 48 ժամվա ընթացքում։
1.12. Վեբ կայքի միջոցով պատվեր գրանցելիս «Համաձայն եմ» կոճակը սեղմելով կամ Պայմանների 1.3.2. կետում նշված առարկությունները չներկայացնելով՝ Դուք հավաստում եք, որ ծանոթացել եք Պայմաններում, Պայմանագրում և Ընկերության Վեբ կայքում սահմանված դրույթներին, սահմանափակումներին, ամբողջովին գիտակցում և հասկանում եք Պայմաններով և Պայմանագրով նախատեսված բոլոր կետերի իմաստն ու նշանակությունը, անվերապահորեն համաձայն եք դրանց հետ և Պայմանագիրն արտահայտում է Ձեր իրական կամքը՝ Կողմերի համար ստեղծելով Պայմանագրում և Պայմաններում նշված իրավական հետևանքները (համապատասխան իրավունքներ ու պարտականություններ, պատասխանատվության միջոցներ)։
1.13. Որևէ անձի կողմից Վեբ կայքի բովանդակության արտատպության դեպքում հղումը abstract.am-ին պարտադիր է: Սույն կայքում տեղադրված տվյալները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Արգելվում է Վեբ կայքում տեղադրված տվյալների վերարտադրումը, տարածումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Ընկերության գրավոր թույլտվությունը:
1.14. Պայմանները հրապարակվում են Վեբ կայքում, և Պատվիրատուի կողմից ընդունվում է միայն դրանց ամբողջությամբ միանալով: Պայմաններով կարգավորում է Ընկերության կողմից Ծառայությունների մատուցման ընդհանուր կարգն ու պայմանները, Կողմերի իրավունքներն ու պարտականությունները, Ծառայությունների գինը, վճարման, գումարի վերադարձման ու Պայմանագրի/Գրանցված պատվերի չեղարկման կարգը, Կողմերի պատասխանատվությունն իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար և վեճերի լուծման կարգը:
2. ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
2.1. Վեբ կայք – Ընկերությանը պատկանող կայք, որը համացանցում գտնվում է abstract.am դոմեյն անվան տակ, իր բոլոր էջերով, ենթադոմեններով, ինչպես նաև ծրագրային ապահովմամբ, որի օգնությամբ ապահովվում է Ընկերության Ծառայությունների մասին տեղեկատվության արտացոլումը, Պատվերի գրանցման հնարավորությունը և Ծառայությունների համար վճարում կատարելը։
2.2. Ծառայություններ ֊ Ընկերության կողմից մատուցվող համապատասխան վեբ ծառայություններ և/կամ կատարվող աշխատանքներ կամ գործողություններ, որոնք կարող են ներառել, բայց չսահմանափակվել ստորև նշված ցանկով, և որոնց հիմնական տեսակները, նկարագրությունը/ծավալները, տեխնիկական հնարավորությունները, համապատասխան փաթեթներն ու արժեքը (Գնացուցակը) հրապարակված են Ընկերության Վեբ կայքում։ Ծառայությունների տեսակները, նկարագրությունը/ծավալները, տեխնիկական հնարավորությունները, համապատասխան փաթեթներն ու արժեքը (Գնացուցակը) և Ծառայություններին վերաբերող այլ պայմաններ Ընկերության կողմից կարող են միակողմանի փոփոխվել Վեբ կայքում։ Ծառայությունների ցանկն է․
- Կայքերի ստեղծում/մշակում/պատրաստում։
- Ընթացիկ սպասարկում։
- Վեբ մարկետինգ։
- Տեղեկատու էջերի ստեղծում։
- Էլ․ բաժանորդագրություն։
- Դոմենների գրանցման/երկարաձգման կազմակերպում։
- Վեբ հոսթինգի տրամադրում։
- Սերվերների սպասարկում։
- Վեբ ոլորտի այլ ծառայություններ։
2.3. Գնացուցակ – Ընկերության կողմից Ծառայությունների մատուցման դիմաց համապատասխան ժամանակահատվածի կամ համապատասխան աշխատանքի կատարման համար սահմանված արժեք, այդ թվում՝ Վեբ կայքի միջոցով Պատվիրատուի կողմից իրականացված գնհարցման հիման վրա հաշվարկված արժեք։
2.4. Գրանցված պատվեր ֊ Վեբ կայքում Պատվիրատուի կողմից համապատասխան ծառայությունների ընտրություն և դրանց հաստատում՝ կնքելով Պայմանների 1.4. կետում նշված Պայմանագիրը, որից հետո Պատվիրատուի կողմից կատարվում է վճարում կամ կանխավճարային վճարում Գրանցված պատվերում նշված գումարի չափով։ Գրանցված պատվերում նշվում են նաև Ծառայությունների անվանումը, նկարագրությունը, մատուցման ժամկետը և/կամ աշխատանքների կատարման ժամկետը և Ծառայությունների մատուցման համար այլ անհրաժեշտ տեղեկություններ ու պայմաններ։
2.5. Պայմանագիր ֊ Պատվիրատուի կողմից Գրանցված պատվեր՝ համապատասխան ծառայության վերաբերյալ առանձին պայմաններով, նկարագրությամբ, գնացուցակով, ներառյալ՝ Պայմանները և Պայմանների 1.5. կետում նշված Հավելվածը միասին, ինչպես նաև մինչև 11.01.2021 թ․ Պատվիրատուի և Ընկերության միջև կնքված պայմանագիրը կամ Պայմանների 1.3.2. կետում նշված՝ Պատվիրատուին ուղարկված Պայմանները, ներառյալ՝ տվյալ էլ․ փոստը, որում նշվում են Պայմանագրի էական պայմանները։
2.6. «Իմ հաշիվը» էջ ֊ my.abstract.am ենթադոմենի վրա գործող Վեբ կայքի փակ գոտի, որը Պատվիրատուի անձնական էջն է (տիրույթը), որտեղ մուտք գործելու համար Պատվիրատուն նախ պետք է գրանցվի, իսկ այնուհետև պետք է լրացնի մուտքանունն ու գաղտնաբառը։ Այս էջի միջոցով Պատվիրատուն հնարավորություն ունի դիտելու Ընկերության հատուկ/թեժ առաջարկները, իր պատվերները, իր կողմից լրացված տվյալները և այլն։
2.7. Գաղտնաբառ ֊ «Իմ հաշիվը» էջ մուտք գործելու համար Պատվիրատուի կողմից որոշվող տառերի, նշանների և/կամ թվերի համակցություն, որն օգտագործվում է Պատվիրատուի նույնականացման համար:
2.8. Պատվիրատու կամ Դուք ֊ ցանկացած անձ, այդ թվում՝ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձ կամ կազմակերպություն, ով Ծառայություններից օգտվելու համար Ընկերության բանկային հաշվին կատարել է վճարում կամ արդեն իսկ Ընկերության հետ ունի կնքած վեբ ոլորտի ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման պայմանագիր կամ Վեբ կայքի միջոցով գրանցել է պատվեր՝ ընտրելով համապատասխան Ծառայությունը, էլ․ եղանակով համաձայնություն տալով Պայմանագրին և կատարելով Պայմանների 2.4. կետում նշված վճարումը , կամ կնքել է Պայմանների 1.5. և 3.3. կետերում նշված Հավելվածը։
2.9. Կողմ ֊ Պատվիրատուն կամ Ընկերությունն առանձին հիշատակման ժամանակ։
2.10. Կողմեր ֊ Ընկերությունը և Պատվիրատուն համատեղ հիշատակման ժամանակ։
2.11. Ծանուցում – էլ․ փոստի կամ «Իմ հաշիվը» էջի կամ էլ․ հաղորդակցության այլ միջոցների գործածմամբ Պատվիրատուին ուղարկված հաղորդագրություն։
2.12. Ընկերության աշխատանքային օրեր և ժամեր ֊ երկուշաբթիից ուրբաթ, բացառությամբ Պայմանների 3.6. կետով նախատեսված ոչ աշխատանքային օրերի, Երևանի ժամանակով ժամը 12.00-ից 16.00֊ն։
2.13. Հաշվետու ժամանակահատված (օր/ամիս/տարի) ֊ Ծառայությունների մատուցման համար Պայմանագրով և/կամ Հավելվածով նախատեսված ժամանակահատված, որը հաշվարկվում է Պայմանների 2.4. կետում նշված վճարումը կատարելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ Պայմանագրով կամ Հավելվածով։ Հաշվետու ժամանակահատվածում, Ընկերության կողմից մատուցված Ծառայությունների ծավալով պայմանավորված, յուրաքանչյուր Պատվիրատուի անվամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և Պայմաններով նախատեսված ժամկետներում դուրս է գրվում հարկային հաշիվ։ Համապատասխան Ծառայությունները համարվում են Ընկերության կողմից պատշաճ մատուցված և Պատվիրատուի կողմից անվերապահորեն հաստատված՝ անկախ սույն կետում նշված հաշիվ ապրանքագիրը Պատվիրատուի կողմից ստորագրվելու հանգամանքից, եթե հաշիվ ապրանքագիրը դուրս գրվելուց և/կամ Պատվիրատուին ուղարկվելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում վերջինիս կողմից որևէ գրավոր առարկություն չի ներկայացվել դրա վերաբերյալ։
2.14. Վճարային համակարգ- վճարային կազմակերպություն, վճարային համակարգի մասնակիցներ և Վեբ կայքի միջոցով Գրանցված պատվերների համար վճարման միջոցները Ընկերության բանկային հաշվին փոխանցելիս նրանց միջև ծագող հարաբերությունների ամբողջությունը։
2.15․ Ծառայությությունների համապատասխան փուլ ֊ դոմեյնի գրանցման կազմակերպում և/կամ հոսթինգի ակտիվացում և/կամ պրեմիում վեբ կայքի ընտրված օրինակի՝ դոմենի և հոսթինգի վրա տեղադրում և/կամ Կայքի պատրաստում և/կամ վեբ չափանիշներին համապատասխանող այլ ծառայությունների և/կամ աշխատանքների կատարում։
2.16․ Կայք ֊ Պատվիրատուի համար պատրաստված/մշակված/ստեղծված համապատասխան վեբ կայք։
3. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
3.1. Կատարողը պարտավորվում է Պատվիրատուին մատուցել Պայմանների 2.2. կետում նշված Ծառայությունները կամ դրանց մի մասը՝ համաձայն Գրանցված պատվերի կամ Պայմանների 2.5. կետում նշված էլ․ փոստի, իսկ Պատվիրատուն պարտավորվում է վճարել այդ ծառայությունների համար Պայմաններով և Գրանցված պատվերով կամ Պայմանների 2.5. կետում նշված էլ․ փոստով սահմանված կարգով ու ժամկետներում։
3.2. Ծառայությունները Պատվիրատուին մատուցվում են Պայմանների 2.4. կետում նշված վճարումից հետո, եթե այլ բան նախատեսված չէ Պայմանագրով կամ Հավելվածով։
3.3. Պայմանագրում նշված ծառայություններից բացի, Պատվիրատուի մոտ՝ վեբ չափանիշներին համապատասխանող այլ ծառայությունների և/կամ աշխատանքների կատարման ցանկություն առաջանալու դեպքում Կողմերի փոխադարձ համաձայնությամբ դրանց վերաբերյալ Ընկերության կողմից էլ․ եղանակով կազմվում է Հավելված և այն ուղարկվում է Պատվիրատուին «Իմ հաշիվը» էջի կամ էլ․ փոստի միջոցով։ Լրացուցիչ գործողությունների և/կամ աշխատանքների համար Պատվիրատուի կողմից Հավելվածում նշված չափով և կարգով վճարում կատարվելու դեպքում այն համարվում է Պատվիրատուի կողմից ընդունված և հաստատված վճարումը կատարելու պահից՝ հանդիսանալով Պայմանագրի անբաժանելի մասը։
3.4. Ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ գաղտնագրերը Պատվիրատուի ցանկությամբ նրան տրամադրելու դեպքում Պայմանագրի գործողությունը՝ «Ընթացիկ սպասարկում» ծառայության (եթե Պատվիրատուն օգտվում է այդ ծառայությունից) համապատասխան բաղադրիչների մասով Ընկերության կողմից միակողմանի դադարեցվում է՝ առանց լրացուցիչ համաձայնագիր կազմելու։
3.5.Կատարողի , այդ թվում՝ ոչ անձնական տեխնիկական միջոցներով Ծառայությունները մատուցելիս։ Պայմանագրի սույն կետի պահանջը գործում է անժամկետ, այդ թվում՝ Պայմանագրի գործողությունը դադարելուց հետո։
Կողմերը պարտավորվում են միմյանց առևտրային, բանկային և/կամ այլ գաղտնիք կազմող տեղեկատվությունը և/կամ սույն կետում նշված գաղտնիք համարվող տեղեկատվությունը, և/կամ Ծառայությունների մատուցման ընթացքում Կողմերի ստացած կամ իմացած տեղեկատվությունը, այդ թվում՝ բոլոր ծածկագրերն ու գաղնագրերը, խստորեն պահպանել, որևէ կերպ չօգտագործել, բանավոր կամ գրավոր ձևով զանգվածային լրատվության միջոցներով կամ այլ կերպ չհրապարակել և չտարածել, երրորդ անձին կամ անձանց հայտնի չդարձնել, երրորդ անձանց նման տեղեկություններ հայթայթելու հնարավորություն ուղղակի կամ անուղղակի չընձեռել, այն է՝ չթույլատրել, խոչընդոտել կամ նման տեղեկությունների պահպանման կարգի խախտման հետևանքով դրանք հնարավոր չդարձնել, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի։
3.6. Պայմանագրում և Պայմաններում նախատեսված աշխատանքային օրերի հաշվարկն իրականացվում է «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի (ընդունվել է 24.06.2001 թ․) համաձայն։
4. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
4.1 Կատարողը պարտավոր է․
4.1.1. Պայմանագրում նշված Ծառայությունները կատարել պատշաճ որակով և ամբողջ ծավալով։
4.1.2. Ծառայությունների մատուցման ընթացքում Պատվիրատուի պահանջով տեղեկություն տրամադրել դրանց մասին։
4.1.3. Ծառայությունների համապատասխան փուլն ավարտելուց հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին Պայմաններով սահմանված կարգով ծանուցել Պատվիրատուին։ Եթե Պատվիրատուն սույն կետում նշված Ծանուցումն ստանալուց հետո 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում Կատարողին չի ներկայացնում կատարված աշխատանքներում ուղղումներ և/կամ փոփոխություններ կատարելու առաջարկությունների գրավոր ցանկ, որոնք կհամապատասխանեն Պայմանագրի պահանջներին, ապա Պայմանագրում նշված Ծառայությունները համարվում են Կատարողի կողմից պատշաճ կատարված և Պատվիրատուի կողմից ընդունված։
4.1.4. Ծառայությունների համապատասխան փուլն ավարտելուց հետո Պավիրատուի կողմից Պայմանների 4.1.3. կետում նշված ժամկետում ներկայացված ցանկի հիման վրա 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում անհատույց կատարել Պայմանագրի պահանջներին համապատասխանող ուղղումները և/կամ փոփոխությունները, որից հետո Ծառայությունները համարվում են Կատարողի կողմից պատշաճ կատարված և Պատվիրատուի կողմից անվերապահորեն ընդունված։
4.1.5. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դուրս գրել հաշիվ ապրանքագիր մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը։
4.1.6. Պատվիրատուի ցանկությամբ 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում էլ․ եղանակով վերջինիս հանձնել Կայքի հետ կապված բոլոր գաղտնագրերը, եթե Պատվիրատուն ամբողջությամբ կատարել է Պայմանագրում/Գրանցված պատվերում և/կամ Հավելվածում նախատեսված վճարումները, իսկ Կայքի «Ընթացիկ սպասարկում» ծառայությունից օգտվելու դեպքում վճարել է Ծառայության մատուցման համար սահմանված ժամկետից մնացած բոլոր ամիսների արժեքի հանրագումարը։
4.2 Կատարողն իրավունք ունի․
4.2.1 Պայմանագրով, Գրանցված պատվերով և/կամ Հավելվածով նախատեսված Ծառայության համար դրացով սահմանված չափով և Պայմանների 5-րդ կետով նախատեսված կարգով ստանալ վճար, ինչպես նաև Պայմանագրով նախատեսված տուժանքը (տուգանք և տույժ)։
4.2.2. Կայքում տեղադրել ակտիվ հղումը դեպի Կատարողի պաշտոնական կայք։
4.2.3. Տիրապետել Կայք և Պատվիրատուին պատկանող այլ առցանց էջեր մուտք գործելու համար անհրաժեշտ բոլոր գաղտնագրերին՝ համաձայն Պայմանագրի։
4.2.4. Փոփոխել Պայմանների 4.2.3. կետում նշված գաղտնագրերը՝ անվտանգությունից ելնելով, և փոփոխության մասին ծանուցել Պատվիրատուին։
4.2.5. Պատվիրատուից պահանջել տրամադրելու Կայքում տեղադրելու համար անհրաժեշտ նյութեր, տեքստեր, այդ թվում՝ նկարներ (այսուհետ՝ Նյութեր)։
4.2.6. Կասեցնել կամ սահմանափակել Ծառայության մատուցումը կամ միակողմանի հրաժարվել Պայմանագրից՝ Պայմանագրով և Պայմաններով նախատեսված դեպքերում։
4.2.7. Պայմանագրում և/կամ Գրանցված պատվերում և/կամ Հավելվածում սահմանված վճարման պարտավորությունը նախատեսված ժամկետներում Պատվիրատուի կողմից չկատարելու կամ ոչ պատշաճ չափով կատարելու դեպքում, Պայմանների 5.6. կետով նախատեսված տուգանքի կիրառելուց բացի, ժամանակավորապես կասեցնել (սառեցնել) Կայքի գործունեությունը մինչև Պատվիրատուի կողմից նշված պարտավորությունների ամբողջությամբ կատարելը։ Սույն դեպքում կասեցումն իրականացվում է առանց նախազգուշացման։
4.2.8. Միակողմանի դադարեցնել Պայմանագրի գործողությունը, եթե Կայքի գործունեությունը Կատարողի կողմից կասեցվելուց հետո մեկ ամսվա ընթացքում Պատվիրատուն չի կատարում Պայմանների 4.2.7. կետով սահմանված վճարման պարտավորությունը։
4.2.9. Կասեցնել Ծառայության մատուցումը, եթե դա անհրաժեշտ է Ծառայությունների մատուցման համար սարքավորումների կամ ծրագրերի տեղադրման, վերանորոգման, փոխարինման կամ պահպանման համար։
4.3 Պատվիրատուն պարտավոր է․
4.3.1. Պայմանագրով և/կամ Գրանցված պատվերով և/կամ Հավելվածով նախատեսված Ծառայության համար դրացով սահմանված չափով և Պայմանների 5-րդ կետով նախատեսված կարգով կատարել վճարում, ինչպես նաև Կատարողի պահանջով վճարել Պայմանագրով նախատեսված տուժանքը (տուգանք և տույժ)։
4.3.2. Կայքի հոսթինգի ակտիվացումից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում, Կայքի համար ընտրված լեզվին համապատասխան, Կատարողին տրամադրել անհրաժեշտ Նյութեր Կայքում տեղադրելու համար։ Պատվիրատուն կարող է Նյութերը տրամադրել Ծառայությունների մատուցման ավարտից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ։ Դրանից հետո տրամադրվելու դեպքում Կատարողը՝ Նյութերը Կայքում տեղադրելու մասով որևէ պարտավորություն չի կրում։
4.3.3. Պայմանների 4.1.3. կետում նշված Ծանուցումն ստանալուց հետո 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրել Կատարողի կողմից կատարված Աշխատանքները, կազմել Պայմանագրին/Գրանցված պատվերին համապատասխանող առաջարկությունների գրավոր ցանկը, եթե առկա են այդպիսիք, և դրանք էլ․ եղանակով ներկայացնել Կատարողին։
4.3.4. Պայմանների 4.1.5. կետում նշված համապատասխան հաշիվ ապրանքագիրը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դուրս գրվելուց և/կամ ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ստորագրել այն և հետ ուղարկել Պատվիրատուին (ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքում ստորագրել էլ․ եղանակով)։
4.3.5. Չխոչընդոտել Կատարողի գործողությունների իրականացմանը։
4.3.6. Վճարում կատարելիս պարտադիր նշել Գրանցված պատվերի համարը, որի համար կատարվում է վճարումը կամ վճարման նպատակը: Ծառայության համար վճարումը համարվում է կատարված դրամական միջոցները Ընկերության հաշվին մուտքագրվելու պահից՝ պայմանով, որ Պատվիրատուն վճարում կատարելիս նշել է Գրանցված պատվերի համարը, որի համար կատարվում է վճարումը կամ նշել է վճարման նպատակը:
4.4. Պատվիրատուն իրավունք ունի․
4.4.1. Ցանկացած ժամանակ ստուգել Կատարողի կողմից Ծառայությունների մատուցման ընթացքը և որակը՝ առանց միջամտելու վերջինիս գործունեությանը։
4.4.2. Պայմանների 4.1.6. կետով սահմանված դեպքերում պահանջել իրեն տրամադրելու համապատասխան գաղտնագրերը։
4.4.3. Պահանջել հեռացնելու Կայքում տեղադրված Կատարողի պաշտոնական կայքի հղումը։
4.4.4. Միակողմանի հրաժարվել Պայմանագրի կատարումից՝ այդ մասին առնվազն երեսուն աշխատանքային օր առաջ Պայմաններով սահմանված կարգով ծանուցելով Կատարողին՝ հաշվի առնելով Պայմանների 5.4., 5.5. և 5.7. կետերի պահանջները։
4.4.5. Օգտվել Կատարողի կողմից հայտարարված զեղչերից և մասնակցել հատուկ ակցիաներին՝ այդ մասին ծանուցելով Կատարողին։
4.4.6. Միակողմանի հրաժարվել Պայմանագրից, եթե Ընկերության կողմից Վեբ կայքում և/կամ Պայմաններում միակողմանի կատարված փոփոխության դեպքում Պատվիրատուն համաձայն չէ այդ փոփոխությունների հետ։ Նշվածի մասին Պատվիրատուն պարտավոր է ծանուցել Ընկերությանը Պայմանագրից միակողմանի հրաժարվելուց առնվազն 30 աշխատանքային օր առաջ։
4.5. Պատվիրատուն ընդունում և երաշխավորում է, որ իր կողմից Ծառայության օգտագործումը չի խախտի ՀՀ օրենսդրության, Պայմանագրի ու Պայմանների պահանջները այդ թվում այլ անձանց հեղինակային և հարակից իրավունքները:
4.6. Կատարողը Ծառայությունների վերաբերյալ և Ծառայություններ մատուցելու հետ կապված՝ Կատարողին չի տրամադրում որևէ երաշխիք, այդ թվում նաև այն որևէ կոնկրետ նպատակի համար կիրառելիության վերաբերյալ, բացառությամբ Պայմանագրում և Պայմաններում հստակորեն նշված պարտավորությունների։
5. Ծառայությունների գինն ու վճարման կարգը
5.1. Պատվիրատուի կողմից Պայմանագրում/Գրանցված պատվերում նշված Ծառայությունների մատուցման գինը կազմում է Պայմանագրում/Գրանցված պատվերում նշված գումարը։
5.2. Պայմանագրում/Գրանցված պատվերում նշված գումարը Պատվիրատուի կողմից Կատարողին վճարվում է մինչև Ծառայությունների մատուցումը սկսելը դրանում նշված եղանակներից մեկով՝ ըստ Պատվիրատուի ընտրության, ներառյալ՝ Պայմաններում նշված Կատարողի հաշվարկային հաշվին փոխանցելու միջոցով կամ Վեբ կայքում առկա առցանց վճարման համակարգերի միջոցով։
5.3. Պատվեր գրանցելուց և/կամ դրանում նշված Ծառայությունների մատուցման համար համապատասխան չափի վճարում կատարելուց հետո Պատվիրատուն կարող է չեղարկել Գրանցված պատվերը և/կամ պահանջել ամբողջությամբ վերադարձնել վճարված գումարը միայն մինչև Ընկերության կողմից Ծառայությունների փաստացի մատուցումը սկսելը։
5.4. Կատարողի կողմից Ծառայությունների մատուցումը սկսվելուց հետո Պայմանագրի/Գրանցված պատվերի չեղարկում՝ կախված Պայմանագրում/Գրանցված պատվերում նշված Ծառայության տեսակից (եթե Պայմանագրում/Գրանցված պատվերում Ծառայության մատուցման հստակ ժամկետ է նախատեսված), կարող է լինել Պայմանների 5.7. կետով նախատեսված տույժի ամբողջությամբ վճարման դեպքում։
5.5. Պատվիրատուի կողմից վճարված գումարի վերադարձ և/կամ վերահաշվարկ կարող է լինել, եթե Պայմանների 5.7. կետով նախատեսված տույժը տվյալ դեպքում կիրառելի չէ և Պայմանագրում/Գրանցված պատվերում նշված է գումարի վերահաշվարկի և/կամ վերադարձի հնարավորության մասին: Ընդ որում՝ Պատվիրատուին գումարի վերադարձի դեպքում նախապես հաշվանցվում է Կատարողի փաստացի կատարած ծախսերը և բանկի կողմից գանձվող միջնորդավճարը, եթե Պատվիրատուի կողմից վճարումը կատարվել է առցանց վճարման համակարգով: Կատարողի փաստացի կատարած ծախսերի չափը գնահատվում է Կատարողի կողմից։
5.6. Պայմանների 2.4 և 4.3.1. կետերում ու Պայմանագրում նշված վճարման պարտավորությունները սահմանված ժամկետներում չկատարելու կամ ոչ պատշաճ չափով կատարելու դեպքում Պատվիրատուն պարտավոր է Կատարողի պահանջով վերջինիս վճարել տուգանք՝ Պայմանագրում/Գրանցված պատվերում նշված գումարի 0,5 (զրո ամբողջ հինգ տասնորդական) տոկոսի չափով կետանցի յուրաքանչյուր օրվա համար, իսկ 5 (հինգ) աշխատանքային օր ժամկետանց պարտավորության առկայության դեպքում՝ նաև տուգանք, Պայմանագրում/Գրանցված պատվերում նշված գումարի 5 (հինգ) տոկոսի չափով։
5.7. Մինչև Պայմանագրում/Գրանցված պատվերում նշված Ծառայությունների մատուցման ժամկետի լրանալը, դրանում նշված գումարն ամբողջությամբ վճարված չլինելու դեպքում, ցանկացած պատճառով Պայմանագիրը վաղաժամկետ լուծվելու կամ Պայմանագրի գործողությունը դադարելու կամ Պայմանագիրը/Գրանցված պատվերը չեղարկելու կամ Կողմերից մեկի կողմից Պայմանագրի կատարումից միակողմանի հրաժարվելու պարագայում Պատվիրատուն պարտավոր է Կատարողի պահանջով վճարել տույժ նշված ժամկետից պակաս մնացած բոլոր ամիսների չափով՝ «1 (մեկ) ամիս=10.000 (տասը հազար) ՀՀ դրամ» բանաձևով։
6. Կողմերի պատասխանատվությունը
6.1. Պայմանագրով և Պայմաններով նախատեսված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում Պայմանագրով, Պայմաններով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
6.2. Պայմանների 6.1. կետով նախատեսված դեպքերից բացի, Կատարողը իրավական, գույքային կամ որևէ այլ պատասխանատվություն չի կրում Պատվիրատուի առջև, ներառյալ՝ Պատվիրատուի կրած իրական վնասի և բաց թողնված օգուտի, Կայքի հետագա աշխատանքի համար, այդ թվում նաև պատասխանատվություն չի կրում հետևյալ դեպքերում, եթե՝
6.2.1. կապուղիների օպերատորների աշխատանքի պատճառով համացանցում Կայքի հասանելիության որակը և արագությունը վատն է,
6.2.2. Կայքում տեղադրված նյութերի բովանդակության, այդ թվում՝ դրանց նկատմամբ հեղինակային ու հարակից իրավունքների պատկանելության վերաբերյալ վեճեր են ծագել,
6.2.3. Պայմանների 3.4. կետի ուժով դադարեցվել է «Ընթացիկ սպասարկում» ծառայությունը՝ համապատասխան բաղադրիչների մասով։ Տվյալ դեպքում, եթե Կայքը վնասվել է, ապա Կատարողը կարող է փորձել վերականգնել այն, սակայն չի երաշխավորում և պատասխանատվություն չի կրում դրա արդյունքի համար։
6.2.4. Կայքի դոմենի վավերականության ժամկետը չի երկարաձգվել Պատվիրատուի կողմից,
6.2.5. Կայքի հոսթինգը չի երկարաձգվել Պատվիրատուի կողմից,
6.2.6. եթե Կայքի միջոցով իրականացվող գործունեությունը կամ դրանում տեղադված Նյութերը չեն համապատասխանում համապատասխան երկրում գործող իրավական ակտերի պահանջներին կամ խախտում են այդ պահանջները։
6.3. Սույն պայմաններով, Պայմանագրով և Հավելվածով նախատեսված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի (երկրաշարժ, ջրհեղեղ, այլ բնական աղետներ, հրդեհ, ռազմական գործողություններ, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, համաճարակային վիճակներ, քաղաքական հուզումներ, սաբոտաժ, գործադուլներ, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցում, ինտերնետային կապի դադարեցում, ինտերնետային կայքի սպասարկման (hosting) դադարեցում, հակերային հարձակումներ (DDOS և այլն), Ընկերության տեխնիկական միջոցների վնասվել, պետական մարմինների ակտերը և այլն) ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն Պայմանագրին հավանություն տալուց հետո, և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։
Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավել, ապա Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն Պայմանագիրը կատարելուց՝ այդ մասին նախապես՝ տասը աշխատանքային օր առաջ Պայմաններով սահմանված կարգով ծանուցելով մյուս Կողմին։
6.4. Պայմանների 5.6. և 5.7. կետերում նշված տուժանքի վճարումը Պատվիրատուին չի ազատում Պայմանների 2.4. և 4.3.1. կետերում նշված պարտավորությունը կատարելուց։
6.5. Եթե Պայմանագրով և Պայմաններով նախատեսված պարտավորությունները խախտելու հետևանքով Պատվիրատուի կամ նրա աշխատողի կողմից Կատարողին հասցվի վնաս, ապա Պատվիրատուն պարտավոր է հատուցել այդ վնասը, ներառյալ՝ բաց թողնված օգուտը։
7. Վեճերի լուծման կարգը
7.1. Կողմերի միջև Պայմանների ընդունմամբ և Պայմանագրի կնքմամբ ձևավորված պարտավորությունների կապակցությամբ Պայմանագրի շուրջ ծագած վեճերը լուծվում են Կողմերի անմիջական բանակցությունների միջոցով:
7.2 Անմիջական բանակցություններ սկսվելու օրվանից տասը օրվա ընթացքում համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերի լուծումը հանձնվում է Կատարողի գործունեության վայրի` Հայաստանի Հանրապետության համապատասխան ընդհանուր իրավասության դատարանի քննությանը, որոնք ենթակա են լուծման ՀՀ օրենսդրությանը համապատասխան:
8. Եզրափակիչ դրույթներ
8.1. Պայմանների և Պայմանագրի անբաժանելի մասն են կազմում Վեբ կայքում և «Իմ հաշիվը» էջում տեղադրված և Ձեր կողմից լրացվող բոլոր տվյալները։
8.2. «Համաձայն եմ» կոճակը սեղմելով` Դուք ընդունում եք սույն պայմաններում նշված դրույթները և հավաստում, որ Պայմանների 8.1 կետում նշված պայմանները ճշգրիտ են։
8.3. Սույն պայմանները Պայմանագրին (Գրանցված պատվերին) չհամապատասխանելու դեպքում նախապատվությունը տրվում է Պայմանագրում (Գրանցված պատվերում) նշված պայմաններին։
8.4․ Պայմանագիրը գործում է մինչև դրանով սահմանված Կողմերի պարտավորությունների պատշաճ կատարման ավարտը:
8.5. «Իմ հաշիվը» էջում լրացված տվյալների փոփոխության դեպքում յուրաքանչյուր Կողմ պարտավոր է 5 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնել մյուս կողմին։ Չտեղեկացնելու դեպքում բացասական հետևանքները կրում է փոփոխված տվյալների մասին տեղեկացնելու պարտականություն կրող կողմը։
8.6. Կողմերի՝ Պայմանագրի հետ կապված բոլոր թույլատրելի կամ պահանջվող Ծանուցումները պատշաճ են համարվում, եթե կատարվել են գրավոր ձևով՝ Պատվիրատուի կողմից տրամադրված էլ․ փոստի կամ Գրանցված պատվերում նշված էլ. փոստի կամ «Իմ հաշիվը» էջի միջոցով։
8.7. Բոլոր այն հարցերը, որոնք չեն կարգավորվել Պայմանագրով, կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Կատարող՝
«ԱԲՍՏՐԱԿՏ» ՍՊԸ
հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Շարուրի 24/2-173
ՀՎՀՀ 02253404
«Ինեկոբանկ» ՓԲԸ
Բանկի հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Թումանյան 17
հ/հ 2050022578191001 (AMD)
հ/հ 2050022578191020 (USD)
հ/հ 2050022578191040 (EUR)
հ/հ 2050022578191041 (RUB)
SWIFT INJSAM22
Թարմացվել է 12.10.2021 թ․