Ինտերնետ անվտանգություն
Այսօրվա ինտերնետը լի է թակարդներով։ Անձնական տվյալները գողացվում են առանց մարդկանց գիտության։ Երբեմն էլ ձեր անուն-ազգանունը, հեռախոսահամարը վաճառում են այլ անձանց։ Ուրիշների համար դուք դառնում եք պրոդուկտ՝ առանց տեղյակ իսկ լինելու։ Արդյունքում դուք ակամայից, սակայն պարտադրված սկսում եք կարդալ ուրիշների գովազդները։ Երբեմն էլ հայտնվում եք թիրախում, կրում բարոյական կամ ֆինանսական կորուստներ։ Լինում են դեպքեր, երբ ձեր իսկ համակարգիչը, առանց ձեր գիտության, օգտագործում են այլ հակաօրինական նպատակների համար։
Այսպիսի երևույթներից խուսափելու համար դուք պետք է գրագետ ու անվտանգ օգտվեք ինտերնետից։
Ի՞նչ է պետք անել ինտերնետում ապահով լինելու համար։
Օգտագործվող ծրագրեր
Հաճախ են խորհուրդ տալիս օգտագործել հակավիրուսային ծրագրեր, սակայն բոլորին է հայտնի, որ ներկայումս հակավիրուսային ծրագրերի ետևում կանգնած կազմակերպությունները նույնպես վաճառում են իրենց իսկ բաժանորդների կամ իրենց ծրագրերից օգտվող անձանց անձնական տվյալները, երբեմն էլ նման ծրագրերը համագործակցում են պետական կառույցների հետ և ձեր ամբողջական տվյալները տրամադրում են հատուկ ծառայություններին։ Այնպես որ հակավիրուսային ծրագրերը ձեզ լիարժեք չեն ապահովում և ձեր օգտագործած սարքը անվտանգ չեն դարձնում։
Կարևոր է օգտվել վստահելի աղբյուրներում գտնվող ծրագրերից, օրինակ հեռախոսների դեպքում՝ Google Play-ից և Apple Store-ից։
Կոտրված, ոչ լիցենզավորված ծրագրերից աշխատեք չօգտվել, քանի որ դրանք ստեղծողները սովորաբար ծրագրերի մեջ տեղադրում են վատ կոդեր, որոնք, որոշ դեպքերում նույնիսկ ի վիճակի են տիրանալու ձեր համակարգչին, որոշ դեպքերում, առանց ձեր գիտության, աշխատեցնում ձեր համակարգիչը իրենց նպատակների համար, ինչպես օրինակ մայնինգի համար, կամ ուրիշների վրա DDoS հարձակումներ իրականացնելու համար։
Ոմանց մոտ կարող է հարց առաջանալ՝ եթե այդ բոլոր ծրագրերից հրաժարվենք, ապա ինչպե՞ս պետք է մեր աշխատանքները կատարենք։
Հավատացեք, ինտերնետը լեցուն է վճարովի ծրագրերի անվճար, միևնույն ժամանակ բաց կոդով գրված օրիգինալ այլընտրանքներով, պարզապես պետք է փնտրել։ Օրինակ՝ Windows-ը կարելի է փոխարինել անվճար Linux-ով, Microsoft Word-ը LibreOffice-ով և այլն։
Գաղտնաբառեր
Ձեր գաղտնաբառերը պետք է հնարավորինս բարդ լինեն, որպեսզի ավտոմատացված համակարգերը տարբեր տարբերակներ փորձելուց չկարողանանան հեշտությամբ համընկնում ունենան ձեր ընտրածի հետ։ Հետևաբար դրանք պետք է լինեն․
- Առնվազն 13 նիշ։
- Նիշերը պետք է լինեն՝ տառեր, թվեր, սիմվոլներ։
- Չպետք է համընկնեն ձեր հետ կապված իրադարձություների հետ, ինչպես օրինակ՝ ծննդյան օր, հարազատի անուն, դպրոցի համար և այլն։
Ինչո՞ւ է կարևոր գաղտնաբառի համընկնումը անձնական տվյալների հետ բացառելը։
Հաճախ հակերները կամ ցանցահենները ձեր անձնական էջը կամ հաշիվը կոտրելուց առաջ դիտում կամ փնտրում են ձեր անձնական տվյալները ինտերնետում՝ սոցիալական ցանցերում և այլն, և փորձում են այդտեղ եղած տվյալների հիման վրա գուշակել կամ համընկնման համադրությամբ գտնել ձեր գաղտնաբառը։
Եթե ձեր գաղտնաբառի հետ համընկնում կա ինտերնետում՝ ձեզ հետ կապ ունեցող որևէ տեղում, նշանակում է դուք ինքներդ հնարավորություն եք տալիս ցանցահենին հեշտությամբ տիրանալ ձեր գաղտնաբառին։
Սկզբում, պատահականության սկզբունքով, ստեղծեք գաղտնաբառը, հետո նոր մտածեք, թե ինչպես կարելի է այն հիշել, կամ պահպանեք այն ապահով մի տեղ։
Շատ կարևոր է նույն գաղտնաբառը չօգտագործել տարբեր հաշիվներում, սոցիալական էջերում, քանի որ մի տեղում ձեր հաշիվը կոտրելուց հետո, հակերը այն փորձելու է կիրառել ձեր մյուս հաշիվներում։ Արդյունքում մեկ գաղտնաբառի պատճառով կարող եք կորցնել ձեր բոլոր հաշիվները, որոշ դեպքերում էլ՝ արգելափակված հեռախոս՝ ձեր իսկ ձեռքերի մեջ։
Ինտերնետային խարդախություններ (Scams)
Անձնական տվյալներ կորզելու կամ գումար շորթելու երևույթը բավականին տարածված է ինտերնետում։ Ցավոք, մարդկանց միամտացնելը հեշտ է նաև այստեղ։ Երբեմն նույնիսկ բավական է լինում ասել, որ դուք շահել եք միլիոնավոր դոլարներ, ու դուք պատրաստ եք հանուն այդ գոյություն չունեցող գումարների վատնել գուցե ձեր ձեռքում եղած վերջին 100 դոլարը։
Ի՞նչ է ինտերնետային խարդախությունը, scam-ը։
Երբ մարդիկ կամ մարդկանց կազմակերպված խումբը փորձում է տարբեր ձևերով, սխեմաներով միամտացնել, խաբել ձեզ՝ կորզելով գումար, անձնական տվյալներ և այլն։
Որո՞նք են ինտերնետային խարդախության, scam-ի ամենից տարածված ձևերը։
Երբ ձեզ առաջարկում են անվճար գումար, շահում, սակայն պահանջում են այդ գումարը ստանալու համար պարտադիր վճարումներ կատարել։
Երբ ձեզ խաբում են՝ ասելով որ ձեր համակարգիչը վնասվել է և ցանկանում են օգնել՝ վերականգնել այն։
Երբ ձեզ էլեկտրոնային նամակով կամ այլ ձևերով խաբում են, թե՝ ձեր համակարգիչը գտնվում է իրենց տիրապետման տակ և համապատասխան բիթքոինի հաշվին վճարում չկատարելու դեպքում մի քանի օրից հնարավորություն չեք ունենա օգտագործել ձեր համակարգիչը։
Երբ ձեզ ուղարկում են կեղծ բանկային չեք՝ առաջարկելով կանխիկացնել այն՝ մինչ այդ իրենց վճարելով որոշակի գումար։
Երբ ձեզ հեռավար ընդունում են կեղծ աշխատանքի, սակայն աշխատանքը սկսելուց առաջ պահանջում են ծախսեր կատարել։
Երբ ստանում եք պաշտոնական աղբյուրներին նմանակող, սակայն կեղծ աղբյուրից ստացված նամակներ։
Ինտերնետային այսպիսի խարդախությունների ժամանակ ձեզ սովորաբար փորձում են ցայտնոտի մեջ գցել, որ արագ գործեք ու շատ սխալներ թույլ տաք։ Ուստի կարևոր է չշտապելը։ Հանդարտ գործեք, վերլուծեք փաստերը՝ առանց որոշակի գործողություններ կատարելու։ Հիշե՛ք, մկնիկով որևէ հղման վրա սեղմելը գործողություն է։
Երբեմն պարզ, կարծես միամիտ առաջարկություններ են լինում, կարծես թե առանց գումար կորզելու մտադրության առաջարկելով պարզապես պատասխանել տվյալ նամակին, եթե ձեզ հետաքրքրել է իրենց կողմից բարձրացված հարցը։ Ինտերնետային խարդախները կարող են այնպիսի թեմաներ արծարծել, որոնք ձեզ կհետաքրքրեն։ Այսպիսի դեպքերում խորհուրդ չի տրվում նույնիսկ պատասխանել այդպիսի նամակներին։ Պարզապես ջնջեք կամ նետեք սպամների մեջ այդպիսի, անհայտ անձանցից ստացված նամակները։
- Անհայտ անձանց, հատկապես այլ երկրներից, երբեք մի թույլատրեք հեռավար մուտք գործել ձեր համակարգիչ։ Ստուգեք տվյալ ընկերության իսկությունը՝ ձեր օգտագործած սարքերի վրա մուտքի թույլտվություն տալուց առաջ։
- Անմիջապես արգելափակեք բոլոր նրանց, ովքեր առաջին իսկ կապից հետո անմիջապես առաջարկում են փոքրիկ ֆինանսական ծախս կատարել։
- Եթե Ձեզ փորձում են վախեցնել, ապա պետք չէ միանգամից ցայտնոտի մեջ ընկնել։ Նախ պետք է հասկանալ, որ որևէ պետական մարմին քաղաքացուն չի դիմի՝ վախեցնելով, հետևաբար վախ առաջացնելով խաբեբաները փորձում են ձեզ անհավասարակշիռ գործողությունների դրդել։
Ցավոք կեղծարարությունների, խարդախությունների ձևերը շատ բազմազան են, երբեմն քողարկված են լինում ստեղծագործական տաղանդի էլեմենտներով, և պետք է միշտ զգոն լինել, քննել փաստերը, աղբյուրները՝ չընկնելու համար այդպիսիների թակարդը։